.jpg)
Քաղաքի կառավարումը ոտքին գցած. Երևանը՝ տրանսպորտային քաոսի մեջ
Երևանում տրանսպորտային համակարգը կաթվածահար վիճակում է, ու դա ամեն օր զգում է իր վրա յուրաքանչյուր քաղաքացի, ով փորձում է տեղ հասնել ավտոբուսով։ Խնդիրն այն է, որ վճարումների հսկողությունը թողել են վարորդների հույսին, ինչի պատճառով կանգառներում իսկական քաոս է սկսվում։ Ավտոբուսները րոպեներով կանգնում են, առաջանում են արհեստական հերթեր ու հսկայական խցանումներ, որոնք ջղայնացնում են թե՛ ուղևորներին, թե՛ վարորդներին՝ հրահրելով անիմաստ բախումներ ու վիճաբանություններ։
Քաղաքապետարանի կոշտ հրահանգները՝ կանգնեցնել տրանսպորտը կամ իջեցնել չվճարողներին, իրավիճակն ավելի են սրում։ Մարդիկ պարզապես ֆիզիկապես չեն կարողանում մոտենալ վճարման սարքերին գերծանրաբեռնվածության պատճառով, բայց նրանցից «քաղաքակիրթ» վարք են պահանջում այն դեպքում, երբ տրանսպորտը մարդավայել չէ։
Բացի տրանսպորտից, քաղաքն այսօր ողողված է քանդված փողոցներով, փոշով ու անկանոն կառուցապատմամբ, որոնք կոմունալ ու բնապահպանական իրական ճգնաժամ են ստեղծել։ Փոխանակ իրական լուծումներ գտնելու, իշխանությունը զբաղված է պարգևավճարներ բաժանելով ու մեղքը քաղաքացիների վրա բարդելով։ Սա կառավարման բացակայություն է, որին վերջ տալու միակ ճանապարհը ընտրություններն են ու մեր գիտակից քվեն։