Լրագրողն ու գրականագետը հեռուստաալիք են փակում...
 maxresdefault (10).jpg)
Հոգևորականներին բերման ենթարկելու, ձերբակալելու գործողություններին զուգահեռ՝ Ազգային ժողովի կրթության հանձնաժողովում իշխանական պատգամավորները կողմ քվեարկեցին Մայր Աթոռի «Շողակաթի» դեմ օրենսդրական նախաձեռնությանը:
Հեղինակներ ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանն առաջարկում են հանրային հեռարձակողների թիվը մեկով կրճատել: Թեև նախագծում անուն նշված չէ, բայց նրանք խոստովանում են, որ հենց հոգևոր-մշակութային ու կրթական «Շողակաթը» նկատի ունեն:
«Սա ուղղված է Հայ Առաքելական եկեղեցու դեմ, թիրախավորված պայքարի ասպատակության շրջանակում», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանն ասաց. «Ինչ վերաբերում է պետության դեմ եկեղեցու ասպատակությանը, ես դա չեմ մեկնաբանի»։
Գործող օրենքով՝ պետական միջոցների հաշվին հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու «Շողակաթը»: Գրականագետ Ղազարյանն ու նախկին լրագրող Գաբրիելյանը հիմնավորում են, թե երեքի դեպքում միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը՝ նույնպես: Օրենքը փոխելու ու միջոցները արդյունավետ ծախսելու դեպքում նրանք դրական ակնակալիքներ ունեն. «Տասնամյակներ շարունակ առանց մրցույթի գումար տրամադրելը համարում ենք անարդյունավետ: Դա դրական չի ազդում ո՛չ բովանդակության, ո՛չ որակի վրա», - ընդգծում է Թագուհի Ղազարյանը: