Ավագանու «Լույս» խմբակցությունը պատրաստվում է նախագիծ ներկայացնել Ռոդնինայի անվան դպրոցն անվանափոխելու մասին, «Իմ քայլում» դեռ քննարկում են, իսկ «ԲՀԿ»-ն չի հասցրել քննարկել հարցը
Մարտ 03, 2019
Երևան քաղաքում, ըստ ՏԻՄ օրենքի, ավագանին է որոշում ընդունում Երևանի փողոցների, պողոտաների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանումների վերանվանման, անվանափոխության մասին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով Երևանում գտնվող, Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի դպրոցի անվանափոխության հարցին:
Նշենք, որ փետրվարի 26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել արցախյան պատերազմի ընթացքում Խոջալու քաղաքում զոհվածների հիշատակին նվիրված հակահայկական երթ, որին, Ադրբեջանի ղեկավարությունից զատ, մասնակցել է նաև խորհրդարանական պատվիրակություն Ռուսաստանից: Հակահայկական այդ միջոցառմանը մասնակցել է նաև Ռոդնինան, ինչից հետո Հայաստանում մարդիկ եղան, որոնք պահանջեցին,  որ Ռոդնինայի անունը կրող գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվի:
«Պետք է ինչ-որ նախաձեռնություն գեներացվի, այդ նախաձեռնությունը քննարկվի ավագանիում, հավանություն ստանա կամ չստանա»,- ասաց Կարապետյանը:
Tert.am-ը Երևանի ավագանու անդամներից հետաքրքրվեց, թե նրանք ինչ կարծիք ունեն հարցի վերաբերյալ, արդյոք հանդես կգան նախաձեռնությամբ՝ անվանափոխելու մարզադպրոցը:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ «Ֆեյսբուքում» տեսել են գրառումներ մարզադպրոցն անվանափոխելու թեմայով: «Չի կարելի ասել, որ հանրային պահանջ է ձևավորված այդ հարցի շուրջ, բայց նման գրառումներ մենք տեսել ենք, և մեզ էլ շատ տհաճ էր այն, որ Ռոդնինան մասնակցել է այդ միջոցառմանը: Մենք խմբի ներսում քննարկման ենք դրել դպրոցի վերանվանման հարցը, որպեսզի հասկանանք`ամբո՞ղջ ավագանին քննարկմանը պետք է լինի, թե հանձնաժողովը»,- ասաց նա:
Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ անվանափոխումների հետ կապված իրենք շատ զգուշավոր են: «Միշտ համարել ենք, որ անվանափոխումները և անվանակոչումները մեկ հոգու որոշելու հարց չէ: Ավագանին, կամ մեր խմբակցությունը, հանձնաժողովը չի կարող մենակ որոշում կայացնել: Դա ամենադժվար կայացվող որոշումներից մեկն է, և պետք է անպայման հանրային արձագանք, հանրային պահանջարկ լինի: Դա նաև մեկ օրում որոշվող հարց չէ, եթե նույնիսկ մենք մեր քննարկումների ընթացքում հանգենք, որ կա նման անհրաժեշտություն, անպայման նաև հանրային քննարկում պետք է անցկացնենք»,- նշեց նա:
Այդուհանդերձ Աբգարյանը շեշտեց, որ իրենք քննարկումներն արդեն սկսել են: «Տեսել ենք այդ անհանգստությունը և, բնականաբար, պետք է ուսումնասիրենք, թե ինչու է դպրոցը կրում նրա անունը: Բացի տեղի ունեցած այս շատ տհաճ արարքից` Ռոդնինայի` Ադրբեջանում հակահայկական միջոցառմանը մասնակցելուց, բնականաբար, մենք պետք է նաև ուսումնասիրենք ամեն ինչ»,- ասաց նա:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են նախագիծ ներկայացնել անվանափոխության վերաբերյալ: «Նրա հայտարարությունները Բաքվում անհամատեղելի ենք համարում անվանակոչված դպրոցի հետ»,- ասաց Խաժակյանը:
Ավագանու անդամը նկատեց, որ ռուսաստանաբնակ հայ գործարար է ֆինանսավորել դպրոցի կառուցումը և նվիրել Երևանին, որը կրում է Ռոդնինայի անունը:
«Քննարկում ենք անվանափոխության հնարավոր տարբերակները և շատ կցանկանանք, որ դպրոցը բարեկարգած բարերարի ընտանիքը ևս դիրքորոշում հայտնի, քանզի ռուսաստանաբնակ հայ գործարարն է նախաձեռնել դպրոցի կազմավորումը»,- ասաց Դավիթ Խաժակյանը::
Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց խմբակցությունում դեռ չեն հասցրել հարցը քննարկել:
«Երկուշաբթի օրը կքննարկենք այդ հարցը և մեր դիրքորոշման մասին տեղյակ կպահենք»,- ասաց նա:
 
Ամալյա Առաքելյան

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ռուզաննա Հարությունյան
Արմեն Եղիազարյան
Կարինե Ղուկասյան
Սերգե Ղահրամանյան
Կարեն Սիմոնյան
Քրիստ Մարուքյան
Նարա Հովհաննիսյան
Անահիտ Կարապետյան