Ո՞րն է մեր տեղն այօրվա աշխարհում: Որպես պետություն՝ սա գլխավոր հարցերից է, որ մենք պիտի տանք մեզ: Մինչև հիմա մեզ ասել են, թե մենք պատերազմող երկիր ենք, սեղմված ենք լեռների արանքում, ծով չունենք ու շրջափակված ենք, դրա համար վատ ենք ապրում: Սու՛տ է: Պետությունը ստեղծում են մարդիկ: Որքան էլ երկիրը գտնվի բարենպաստ կամ անբարենպաստ աշխարհքաղաքական պայմաններում, մարդը կարող է վերակերտել նախապես տրված պայմանները: Հին հույները բողոքում էին աստվածներին, որ իրենց սեղմել են ծովերի արանքում, քանի որ չունեին ցամաքային ուղիներ, չունեին բարեբեր և ընդարձակ հողեր: Բայց հույները ստեղծեցին ժամանակի լավագույն նավատորմը, նվաճեցին ծովը, զարգացրին արհեստներն ու փիլիսոփայական միտքը, ստեղծեցին առաջին ժողովրդավարությունը: Այս բոլորն արեցին՝ նախապես ունենալով դժվարին պայմաններ: Իսկ հետո սիրում էին ասել՝ մենք աղքատ էինք, դրա համար կարողացանք զարգանալ ու հարստանալ:
Հիմա մեզ ասում են՝ դուք աղքատ եք և դա բնական է: Սու՛տ է: Մենք կարող ենք զարգանալ ու հարստանալ, բայց դրանից առաջ մենք պետք է փոխենք այն քաղաքական վերնախավին, որն աղքատ է մտածողությամբ, որի երևակայությունը չի հատում սեփական որովայնի սահմանները: Պետությունը կերտում են մարդիկ. ինչ տեսակի մարդկանց մենք վստահենք մեր պետությունը, նույն կերպարանքով պետություն էլ կստանանք: Եկել է նոր մարդկանց ժամանակը:
#ԵԼՔկա՛