.jpg)
Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ
Հարցազրույցի ընթացքում մանրամասնորեն անդրադարձ է կատարվում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սպասվող հնարավոր քաղաքական «տրիգերներին» և այն հարցին, թե ինչ պայմաններում կարող է երկրում ձևավորվել նոր փողոցային պայքար։ Էդմոն Մարուքյանը նշում է, որ նման տրիգերներ կարող են դառնալ սահմանադրական հանրաքվեն, Տիգրանաշենի հարցը և սահմանազատման հետ կապված նոր զարգացումները՝ ընդգծելով, որ ցանկացած նոր շարժում արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե հասարակությունը համոզված լինի, որ դրա արդյունքում չի վերադառնա 2018-ին մերժված քաղաքական համակարգը։ Անդրադարձ է կատարվում նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության հնարավորություններին, նախորդ ընտրությունների սխալներին, ընդդիմադիր ուժերի ռազմավարությանը և այն պատճառներին, որոնց շնորհիվ #ՆիկոլՓաշինյան ը շարունակում է պահպանել զգալի ընտրական աջակցություն։
Միաժամանակ քննարկվում են #Տիգրանաշեն ի, սահմանազատման, խաղաղության պայմանագրի, սահմանադրական փոփոխությունների և Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ կապված անվտանգային ու արտաքին քաղաքական ռիսկերը։ Էդմոն Մարուքյանը քննադատում է բանակցային գործընթացում միակողմանի զիջումների քաղաքականությունը՝ նշելով, որ Հայաստանը տարբեր փուլերում ունեցել է հնարավորություններ փոխադարձ պայմաններ առաջադրելու, սակայն դրանք չեն օգտագործվել։ Անդրադարձ է կատարվում նաև #Ռուսաստան ի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացմանը, էներգետիկ կախվածության խորացման վտանգին, ադրբեջանական գազի թեմային, ինչպես նաև այն հարցին, թե ինչ տնտեսական և ռազմավարական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար արտաքին քաղաքական ներկայիս ուղղության շարունակությունը։