Հայաստան —  Եվրոպական մոդելի երկիր — ԵՄ ապագա անդամ
Յուրաքանչյուր պետություն ստեղծման պահից պետք է որդեգրի զարգացման որոշակի մոդել: Պետական ավանդույթներ չունեցող երկրները վերցնում և յուրացնում են աշխարհում հայտնի կառավարման մոդելները, քանի որ սեփական մոդելը ստեղծելու համար կարող են հարյուրամյակներ պահանջվել: Ժամանակակից աշխարհում շատ քիչ են պետության զարգացման արդյունավետ մոդելները: Դրանցից ամենարդյունավետը արևմտյան ժողովրդավարական մոդելն է, որտեղ պաշտպանված են մարդու հիմնական իրավունքները, ստեղծված են բարենպաստ պայմաններ մարդու բարեկեցիկ կյանքի և անձնական երջանկության համար, սահմանված են հավասար հնարավորություններ բոլորի համար` լիարժեք կրթության, ձեռներեցության, առողջապահության, հանգստի, ազատ ստեղծագործելու և պետական կառավարմանը մասնակցելու համար:

Անկախացումից հետո, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը արտաքուստ ընդունեց զարգացման ժողովրդավարական ճանապարհը, սակայն իրականում կառուցեց սովետական բնույթի կիսաավտորիտար պետություն: Պատճառն այն էր, որ Հայաստանի քաղաքական վերնախավը սովետական դաստիարակության և մտածողության կրողն էր և չկարողացավ կառուցել իր արժեհամակարգին ծայրահեղ հակադրվող  պետական կարգ: Արդյունքում պետության կառուցման եվրոպական մոդելը Հայաստանում արժեզրկվեց, քանի որ հռչակված ճանապարհն ու նպատակները արմատապես տարբերվում էին իրականացվող կառավարման ավտորիտար և արատավոր պրակտիկայից:

Մենք համոզված ենք, որ պետության կառուցման եվրոպական ճանապարհը այլընտրանք չունի Հայաստանի համար, քանի որ հենց պետական կառավարման առաջադեմ եվրոպական պրակտիկան է աշխարհի ամենատարբեր երկրներում բերել սպասված փոփոխությունները վերոնշյալ բոլոր ոլորտներում: Երկար դարեր չունենալով պետություն, գտնվելով բռնակալական ռեժիմների տիրապետության տակ և զրկված լինելով մարդկային տարրական իրավունքներից՝ մենք այժմ պարտավոր ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ հայ մարդը կլինի ազատ և պաշտպանված, ոչ թե կգոյատևի, այլ կզարգանա:

Հետևաբար, «Լուսավոր Հայաստան»  նախաձեռնությունը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դադարեցնի իր անդամակցությունը Եվրասիական Տնտեսական Միությանը, շարունակի զարգացնել գործընկերային հարաբերություններ Եվրոպական Միության հետ և ստորագրի արդեն իսկ բանակցված Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը` ներառյալ՝ Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը: Միևնույն ժամանակ Հայաստանը պետք է պահպանի իր ռազմավարական երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ` հավասար գործընկերության և երկու ազգերի դարավոր բարեկամության սկզբունքներով, որտեղ Հայաստանի ազգային շահը չի կարող ստորադասվել որևէ այլ պետության շահերին:

«Լուսավոր Հայաստան»-ը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ձգտի Եվրոպական Միության լիիրավ անդամակցությանը: Մենք գիտակցում ենք, որ սա երկարատև գործընթաց է, հետևաբար լիիրավ անդակամցության և եվրոպական ընտանիքին միանալու առաջին քայլը պետք է կատարել այսօր: Առաջին քայլը պետք է լինի այն, որ Հայաստանը ստանա ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ և համակարգային բարեփոխումների ճանապարհով ձգտի ԵՄ լիիրավ անդամակցության:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անահիտ Կարապետյան
Էդմոն Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Սերգե Ղահրամանյան
Աստղիկ Ավետիքյան
Հրանտ Այվազյան
Ռուզաննա Հարությունյան
Գոհար Մաթևոսյան