«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լիիրավ անդամի կարգավիճակ է ստացել «Լիբերալ Ինտերնացիոնալի» (Liberal International) 65-րդ համագումարում
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լիիրավ անդամի կարգավիճակ է ստացել «Լիբերալ Ինտերնացիոնալի» (Liberal International) 65-րդ համագումարում
Նոյեմբերի 2-6-ը մասնակցում եմ «Լիբերալ Ինտերնացիոնալի» 65-րդ համագումարին, որն անցկացվում է Թաիլանդի Բանգկոկ և Թայվանի Թայբեյ քաղաքներում։
Համագումարին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների ազատական և ժողովրդավարական գաղափարներ պաշտպանող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
Համագումարի շրջանակում հանդես եմ եկել ելույթով՝ ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մեր քաղաքական սկզբունքներն ու Հայաստանի ապագայի վերաբերյալ կուսակցության տեսլականը։ Պարզաբանել եմ կուսակցության գործունեությունը, ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ազատական արժեքների ամրապնդմանն ուղղված զարգացումները։
Ելույթից հետո պատասխանել եմ տարբեր երկրների պատվիրակությունների հարցերին՝ ներկայացնելով քաղաքական իրավիճակը Հայաստանում, կուսակցության գործունեությունն ու միջազգային համագործակցության հնարավորությունները։
Համագումարում կայացած քվեարկության արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դարձավ «Լիբերալ Ինտերնացիոնալի» լիիրավ անդամ։
«Լիբերալ Ինտերնացիոնալը» համաշխարհային դաշնություն է, որը միավորում է ազատական ժողովրդավարական քաղաքական կուսակցություններին, ոչ կառավարական կառույցներին և քաղաքացիական խմբերին։ Կազմակերպության գործունեության առանցքում են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, անհատական ազատությունները, խաղաղությունն ու անվտանգությունը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամակցությունը «Լիբերալ Ինտերնացիոնալին» նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային լիբերալ քաղաքական շրջանակների հետ համագործակցության, փորձի փոխանակման և կուսակցության միջազգային կապերի ընդլայնման համար։

Լուսանկարում «Լիբերալ Ինտերնացիոնալի» նախագահ, պրոֆեսոր Կարլ-Հայնց Պակեն է, ինչպես նաև կազմակերպությանը նոր անդամագրված կամ դիտորդի կարգավիճակ ստացած պատվիրակությունների ներկայացուցիչները։