Ռուսական ռազմաբազայից մինչև ԵՄ արագ արձագանքման խումբ իշխանության վերարտադրության մեխանիզմը
.jpg)
Ռուսական ռազմաբազայից մինչև ԵՄ արագ արձագանքման խումբ իշխանության վերարտադրության մեխանիզմը
Այս թողարկման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական և արտաքին մարտահրավերների իրական պատկերը, որտեղ իշխանության քարոզչությունն ու իրականությունը բախվում են միմյանց։ Վերլուծվել է, թե ինչու է գործող վարչակազմը Արցախի կորստից հետո շարունակում խաղաղության խոստումներ տալ՝ միաժամանակ կատարելով Ադրբեջանի բոլոր նախապայմանները։
Քննարկվել է, թե արդյո՞ք սահմանին տիրող հարաբերական անդորրը իրական խաղաղություն է, թե՞ պարզապես զիջումների դիմաց ստացված ժամանակավոր դադար, որը ձեռնտու է Բաքվին ու Անկարային՝ գործող իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, որտեղ նա հստակ նշում է, որ Հայաստանը գիտի իր քայլերի հաջորդականությունը, այդ թվում՝ Սահմանադրության փոխման պարտադրանքը։ Զուգահեռաբար դիտարկվել են իշխանության նախընտրական քայլերը՝ թոշակների բարձրացումից մինչև Գյումրու տնակների հարցը՝ հարցադրում անելով, թե արդյո՞ք սա հերթական պոպուլիզմն է ընտրություններից առաջ։ Քննարկման առանցքում է եղել նաև Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունը Լեհաստանում, որտեղ նա ռուսական ռազմաբազան այլևս սպառնալիք չի համարում, ինչպես նաև Արարատ Միրզոյանի նամակը Բրյուսելին՝ ԵՄ արագ արձագանքման խումբ հրավիրելու վերաբերյալ, ինչը զուգահեռներ է առաջացնում Մոլդովայի սցենարի հետ։
Վերջում քննարկվել են ամենացավոտ թեմաները՝ ադրբեջանցիների հնարավոր ազատ տեղաշարժը Հայաստանով և պարտված երկրում ռազմական շքերթ անցկացնելու տարօրինակ մտադրությունը։ Ի՞նչ է սպասվում առաջիկայում և ո՞րն է այս ամենի իրական նպատակը։
___________________________
Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում քննարկում են այն ճշմարտությունները, որոնք իրենց համոզմամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև քննարկում են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։