
- Ի՞նչ կապ ունի Ալիևը ԱՄՆ-ին «արտապատվիրակված» ճանապարհի հետ։ Իսկ նա դարձավ փայատեր այս գործարքում։
- Կար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կար Լեռնային Ղարաբաղը, կար Լաչինի միջանցքը, և այդ հանգամանքներով պայմանավորված՝ կար պարտավորություն Սյունիքով անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու։ Բնականաբար, վերոնշյալ իրավիճակում Ալիևը կողմ էր հանդիսանում, բայց տվյալ դեպքում անհասկանալի է, թե ինչու է նա շարունակում այդ ճանապարհի հանդեպ իրավունքներ ունենալ։
- Հայաստանի Հանրապետությունը նախապայման էր առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ դիմում ներկայացնելու համար՝ այն պետք է ստորագրվեր միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Հայկական կողմը առաջարկել էր երկու փաստաթղթերը ստորագրել միաժամանակ, սակայն այս պայմանն էլ չեղարկվեց։
- Սյունիքի ճանապարհի վերաբերյալ հռչակվել էին չորս սկզբունք․
1. Ինքնիշխանություն,
2. ՀՀ օրենսդրության կիրառում,
3. Տարածքային ամբողջականություն,
4. Փոխադարձություն։
- Նշված բոլոր սկզբունքները խախտվել են Վաշինգտոնում ստորագրված հռչակագրով։
- Դոնալդ Թրամփի նախագահությունը իր ժամկետն ունի, այն տարիներ անց ավարտվելու է, ինչից հետո որևէ ինստիտուցիոնալ փաստաթուղթ ամերիկյան երաշխիքների մասին գոյություն չի ունենալու։
- Խաղության պայմանագիրը չստորագրվեց, այլ ընդամենը նախաստորագրվեց, քանի որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, իր նախապայմաններից այդքան հեշտ չի հրաժարվում։ Ալիևը հստակ նախապայման է առաջ քաշել՝ մինչև Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր Սահմանադրությունը չփոխի, խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։
- Ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել, որում ամրագրված է, որ կողմերը այլևս չեն կարող խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստից ետքալ անել։ Այսինքն՝ պարտադիր բնույթի փաստաթուղթ դեռ ստորագրված և վավերացված չէ, սակայն Հայաստանը նոր պարտավորություններ է ստանձնում։
- Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չչեղարկած՝ նոր փաստաթուղթ է ստորագրվում։ Եթե տրամաբանությունը այն է, որ «Նոյեմբերի 9-ը վաղուց արդեն չէր գործում», ապա ինչո՞ւ Ալիևը ստիպեց, որպեսզի Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու դիմում ստորագրի։ Նույն տրամաբանությամբ՝ դա էլ չէր գործում։
- Այն թեզի մասին, թե իբր «ԱՄՆ-ում ստորագրված հռչակագրով Հայաստանը կանխեց Ադրբեջանի ռազմական հարձակումը և ուժով Սյունիքի միջանցքի բացումը»․
- Ուժով միջանցք բացելը ոչ լեգիտիմ գործընթաց է, իսկ երբ դու քո ձեռքով իրավունքներդ զիջում ես թշնամուդ՝ դա արդեն լեգիտիմացվող գործընթաց է։ Հիմա նույն հաջողությամբ Ադրբեջանը կարող է հայտարարել, որ պատրաստվում է հարձակվել Երևանի վրա։