ՀՀ ԱԺ պատգամավորը կարևորում է ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական համագործակցության ներուժի ամբողջական իրացումը
ՀՀ ԱԺ ԼուսավորՀայաստան խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանը Հայաստանի համար չափազանց կարևոր է համարում ԵԱՏՄ անդամ երկրների միջև առկա տնտեսական համագործակցության ներուժի ամբողջական իրացումը:
Մոսկվայում
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը կարևորեց նաև Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետության բարձրացումը:
Պատգամավորի կարծիքով` ներկայումս չափազանց կարևոր է Եվրասիական տնտեսական միության տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և դիվերսիֆիկացիան:
«Հայաստանի համար, որը չունի ընդհանուր սահման Եվրասիական տնտեսական միության հետ, չափազանց կարևոր է ունենալ դիվերսիֆիկացված և այլընտրանքային տրանսպորտային հաղորդակցություն, մասնավորապես` Ռուսաստանի հետ, որը թույլ կտա, ինչպես նվազեցնել բեռնափոխադրումների ծախսերը , այնպես էլ բարձրացնել հայ արտադրողների մրցունակությունը: Բնականաբար, այդ ուղղությամբ աբխազական հատվածի երկաթգծի վերագործարկումը կլիներ չափազանց լավ լուծում»,- ասաց Խաչատրյանը:
Ըստ Խաչատրյանի` մյուս ուղղությունը, որը չափազանց կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար, բարձր տեխնոլոգիական տնտեսության ճյուղերն են. դրանց զարգացումը հանդիսանում է գերակա ուղղություն, հետևաբար՝ բարձր տեխնոլոգիական ապրանքների շուկաների ինտեգրումը չափազանց կարևոր է:
«Հայաստանից բարձր տեխնոլոգիական ապրանքները արտահանելու համար առկա խոչընդոտների վերացումը, կարծում եմ, չափազանց կարևոր և առաջնային խնդիր է այս փուլում»,- նշեց Խաչատրյանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամի կարծիքով` պակաս կարևոր չէ նաև կողմերի միջև համագործակցությունը նորարարական բնագավառում, իսկ ներդրումների ներգրավումը նորարարական կազմակերպություններում ևս շատ խրախուսելի և կարևոր ուղղություն կարող է հանդիսանալ:
«Այդ իմաստով նաև կարևոր է քննարկել և ստեղծել հայ-ռուսական համատեղ ներդրումային ֆոնդ, որի գործունեությունը կարող է շատ օգտակար լինել կողմերի համար»,- հավելեց Խաչատրյանը:
ԵԱՏՄ անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությունը խթանելու առումով Արկադի Խաչատրյանը կարևորեց երկրների օրենսդրական կարգավորումների մոտարկումն ու տարբեր բնույթի խոչընդոտների վերացումը, ինչը կնպաստի ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին:
Ըստ Խաչատրյանի չափազանց կարևոր է նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը: Նրա գնահատմամբ՝ դա հատկապես կարևոր է Հայաստանի համար, որը ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր սահման չունի: «Օրինակ` էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը, ինչպես նաև աշխատանքի էլեկտրոնային բորսայի և այլ հարթակների ձևավորումը, ապրանքների տեղաշարժի թվային և արբանյակային հսկողության միջոցների ներդրումը լուծման կարևոր ուղիներ են, որոնք թույլ կտան վերացնել բազմաթիվ տեսակի խոչընդոտներ: Իհարկե, պետք է մեծ ուշադրություն դարձնել առևտրաշրջանառության կառուցվածքի դիվերսիֆիկացիային և, մասնավորապես, Հայաստանից արտահանման դիվերսիֆիկացմանը, դրա կառուցվածքի և տարբեր ուղղություններով զարգացնելու խնդիրներին»,- ընդգծեց Խաչատրյանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամը կարևորում է նաև գործարար շրջանակների միջև շփումների և համագործակցության ակտիվացումը:
«Շատ ենք կարևորում համագործակցության խորացումը ինչպես տուրիզմի բնագավառում, այնպես էլ շփումների ակտիվացումը և համագործակցությունը արդյունաբերական ձեռնարկությունների միջև , հատկապես ` հաստոցաշինության, մեքենաշինության բնագավառներում , համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ, բազմաթիվ համատեղ ներդրումային նախագծերի իրականացման հարցում»,- նշեց Արկադի Խաչատրյանը:
Պատգամավորի կարծիքով`վերը նշված և բազմաթիվ այլ ուղղություններով աշխատանքի արդյունավետ իրականացումը կարող է նպաստել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության խորացմանը, տնտեսական ներուժի իրացմանը և Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետության բարձրացմանը: